Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականին հավաքագրել է 2 տրլն 221 մլրդ դրամի հարկային եկամուտ, որը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 296 մլրդ դրամով:
Այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«2 տրլն 221 միլիարդ դրամի շրջակայքում է կատարվել պետական բյուջեի եկամտային հատվածը՝ հարկային եկամուտների մասով, որը նախորդ տարվանից ավել է մոտ 296 միլիարդ դրամով»,-ասաց Բադասյանը:
Կառավարության կանխատեսմամբ՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական բարելավում է լինելու, ինչը, ըստ Բադասյանի, նշանակում է, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում կրճատվում է:
Կառավարության գնահատմամբ՝ վարչարարությունը և հարկային կարգապահության բարելավումն էական դեր են կատարել ցուցանիշների ապահովման գործում:
ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ նախորդ տարի շատ բացահայտումներ են եղել, ստվերային շրջանառությունների մասով միլիարդավոր դրամների հարկեր են վերականգնվել պետական բյուջե, որն անուղղակի ազդեցություն է ունեցել հարկային կարգապահության վրա: