Հայաստանի տնտեսության մեջ ոչ մետաղական օգտակար հանածոների և շինարարական նյութերի արտադրությունը մեծ տեղ է գրավում: Ոչ մետաղական հանքանյութերի արտադրության ոլորտում ներկայումս աշխատում է 219 ընկերություն, որոնք այս տարի արդեն իսկ թողարկել են 44,2 մլրդ դրամի արտադրանք: Այս մասին ոլորտի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

 

Նա գործարարներին ներկայացրել է ոլորտի ներկա դրությունը' ասելով, որ ոչ մետաական հանքանյութերի արտադրության ոլորտում աշխատում է ավելի քան 4900 մարդ, իսկ այս տարի արտահնվել է 7 մլրդ դրամի արտադրանք:

 

«Ոլորտի խնդիրները ավելի լավ հասկանալու համար ենք անցկացնում այս հանդիպումը: Ակնկալում եմ, որ ձեր կողմից կհնչեն այդ խնդիրներին վերաբերող հարցեր և դուք կստանաք պատասխաններ: Նման հանդիպումներ ունեցել ենք տարբեր ոլորտների գործարարների հետ, իսկ սա վերջին հանդիպումն է այս տարվա ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' դիմելով գործարարներին' ընդգծեց Ճշմարիտյանը:

 

Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի արտադրության և այլ շինանյութերի արտադրության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկմանը մասնակցել է ոլորտի 23 ընկերությունների ներկայացուցիչ: Քննարկման նպատակն էր վերհանել ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները և համատեղ ջանքերով գտնել դրանց արդյունավետ լուծման ուղիները:

 

Հայաստանի Հանրապետությունը ոչ մետաղական օգտակար հանածոների պաշարների բազմազանությամբ ու հարստությամբ աշխարհում գրավում է առաջատար տեղերից մեկը:
ԱՎԾ տվյալներով' հանրապետության ոչ մետաղական հանքանյութերի արտադրատեսակների արտադրության ոլորտը հիմնականում ներառում է ապակու և ապակե արտադրատեսակների արտադրությունը, կավե շինանյութերի արտադրությունը, ցեմենտի, կրի ու գաջի արտադրությունը, բետոնի արտադրությունը, քարի մշակումը և հարդարումը և այլն:


Իսկ շինանյութերի արտադրության ոլորտի ցուցանիշներում հաշվի ե ն առնված շինարարական պլաստմասսայե արտադրատեսակների, լաքերի և ներկերի, ինչպես նաև սոսինձների ու տարբեր մածիկների արտադրությունները: