Եվրահանձնաժողովը 125 միլիոն եվրո է տրամադրել այն ագրոարտադրողների օժանդակման համար, որոնք տուժել են ռուսաստանյան բռնարգելքից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 18-ին հաղորդել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 7-ին ի պատասխան այն պատժամիջոցների, որոնք Արևմուտքը Ռուսաստանի դեմ սահմանել է Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, Մոսկվան հայտարարել է Եվրամիության երկրներից, Ավստրալիայից, Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից տավարի մսի, խոզի մսի, բանջարեղենի և մրգերի, թռչնամսի, ձկան, պանիրների, կաթի և կաթնամթերքի մատակարարումների լիակատար արգելքի մասին:
Խոսքը վերաբերում է 9,1 միլիարդ դոլարի արտադրանքի տարեկան ներմուծմանը: Արգելքից ամենից շատ կտուժեն Եվրամիության երկրները, որոնք Ռուսաստանի շուկային էին մատակարարում պատժամիջոցային ցանկի՝ 6,5 միլիարդ դոլարի պարենամթերք:
Մնացած երկրներից ներմուծումը եղել է մի քանի անգամ քիչ. Եվրամիության կազմի մեջ չմտնող Նորվեգիայից՝ 1,2 միլիարդ դոլարի, ԱՄՆ-ից՝ 843,8 միլիոն դոլարի, Կանադայից՝ 373,6 միլիոն դոլարի, Ավստրալիայից՝ 182 միլիոն դոլարի, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: