Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Լավրովը և Քերին քննարկել են նաև Սիրիայում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Նշվել է, որ Սիրիայում հակամարտության կարգավորման ուղիներն անհրաժեշտ է քննարկել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ջանքերով այնտեղ հաստատված հրադադարի պահպանման ու ամրապնդման միջոցով: Լավրովը կրկին շեշտադրել է սիրիացի քրդերի լիարժեք մասնակցությունը Սիրիայի իշխանությունների և ընդդիմության բանակցություններին:
«Քննարկվել են նաև միջազգային այլ հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ու Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: