Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում հրադադարի կատարման պայմանավորվածությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում՝ ամփոփելով ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցի արդյունքները:

 

«Զրուցակիցները գնահատականներ են փոխանակել սիրիական հողում մարտական գործողությունների դադարեցման շուրջ պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ՝ հավաստելով մեր երկրների՝ որպես Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահների միջև ռազմական գծով սերտ համակարգման կարևոր նշանակությունը,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:- Նախարարը և պետքարտուղարը նշել են տեղեկատվական տարածություն զինադադարի չպահպանման վերաբերյալ սադրիչ հաղորդագրություններ նետելու անթույլատրելիությունը»:

 

Կողմերը նաև «շարունակել են ԿԺԴՀ-ի վրա ազդելու միջոցառումների ուղղությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա աշխատանքն ավարտելու հարցում մոտեցումների համաձայնեցումը՝ ի պատասխան նրա կողմից նախկին որոշումների խախտման», հաղորդել է ՏԱՍՍ-ը: