ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի իրադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, ղեկավարները պայմանավորվել են «շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը այսպես կոչված նորմանդական ձևաչափի շրջանակներում, ներառյալ մոտ օրերս արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացումը»:
«Հանգամանորեն քննարկվել է Ուկրաինայի ճգնաժամային իրադրության կարգավորման պրոբլեմատիկան: Փոխադարձ շահագրգռություն է հայտնվել կողմերի շփման գծում կայուն խաղաղության ապահովման հարցում և ընդգծվել է, որ 2015 թվականի փետրվարի 12-ի Մինսկի համաձայնությունների ամբողջական իրագործումն ալյընտրանք չունի»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Կրեմլի տվյալներով՝ «շոշափվել են կոնկրետ հարցեր, որոնք վերաբերում են Ուկրաինայում Սահմանադրական բարեփոխման անցկացմանը և Դոնբասում տեղական ընտրությունների կազմակերպմանը՝ Դոնեցկի ու Լուգանսկի ներկայացուցիչների հետ համաձայնեցված օրենսդրությամբ»: Ղեկավարները նաև կարծիքներ են փոխանակել երկկողմ համագործակցության մի շարք հարցերի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: