ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քառնին հայտարարել է, որ կողմերն արծարծել են «ընթացիկ իրադրությունը»:

 

Ինչպես ճշտում է Սպիտակ տունը, Օբաման եւ Մերկելը քննարկել են Ուկրաինայի արեւելքի իրադրությունը եւ վերստին «կոչ են արել Ռուսաստանին զորքերը հետ քաշել սահմանամերձ տարածաշրջանից»:

 

Բացի այդ, ԱՄՆ-ի եւ Գերմանիայի ղեկավարները քննարկել են Ուկրաինային նվիրված առաջիկա քառակողմ բանակցությունները: «Նրանք նաեւ քննարկել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարների եւ ԵՄ-ի գերագույն ներկայացուցչի առաջիկա հանդիպմանը վերաբերող հարցերը»,- հայտնել է Սպիտակ տունը:

 

Օբաման նաեւ արծարծել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, ասելով, որ «ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ գլոբալ մյուս գործընկերները պետք է պատրաստ լինեն» դրան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: