Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեից հետո ստեղծված իրադրությունը վերահսկելու միջոցառումների շուրջ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

 

«Նրանք նշել են լիակատար համաձայնությունը բրիտանական հանրաքվեով ստեղծված իրադրությունը վերահսկելու հարցում»,- հայտարարել են Ֆրանսիայի նախագահի շրջապատում: Նաեւ նշվում է, որ երկու երկրի ղեկավարները հույս են հայտնել, որ լիակատար թափանցիկություն կապահովվի անորոշություններից խուսափելու համար:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ հունիսի 27-ին Բեռլինում տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի եւ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հանդիպումը:

 

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե է անցկացվել ԵՄ-ին երկրի անդամակցության հարցի շուրջ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու օգտին քվեարկել է ընտրողների 51,9 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: