Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Դոնբասի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Ուկրաինայի ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
«Պորոշենկոն եւ Մերկելն արտահայտվեցին առաջիկա օրերին «նորմանդական քառյակի» արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու օգտին՝ քննարկելու համար Մինսկի համաձայնությունների կատարման ուղղությամբ հետագա առաջընթացի եւ Դոնբաս խաղաղապահ առաքելություն մտցնելու հրատապ հարցերը»,- հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը:
«Զրուցակիցները նաեւ հույս հայտնեցին, որ եռակողմ շփման խմբի նիստի անցկացումը թույլ կտա կատարել Մինսկի պայմանավորվածությունների իրագործման հերթական քայլերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, Կիեւը քանիցս հանդես է եկել Ուկրաինայի արեւելքում միջազգային խաղաղապահների տեղաբաշխման օգտին: Ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունները» համաձայն են միայն ռուս խաղաղապահներ տեղակայելուն: