Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել են Դոնբասում անհապաղ հրադադար հաստատելու անհրաժեշտության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ուկրաինական պետության ղեկավարի մամուլի կենտրոնի հաղ որդագրությանը, երեք երկրների ղեկավարները պնդում են անհապաղ կրակի դադարեցումը, քանի որ շարունակվում է «հակամարտության սաստկացումը եւ աճում է զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում»:

 

Պորոշենկոն, Մերկելը եւ Օլանդը նաեւ հանդես են եկել «Մինսկի պայմանավորվածությունների առանց բացառության բոլոր կետերի կատարման օգտին, քանի որ դրանք են Դոնբասի իրադրության խաղաղ կարգավորման հիմքը»:

 

Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները համաձայնել են, որ ոչ մի նախապայման չի կարող լինել շփման խմբի նիստի անցկացման համար: Նրանք հիասթափություն են հայտնել այն բանի կապակցությամբ, որ շփման խումբը առաջընթացի չի հասել Մինսկում կայացած վերջին նիստում: Ուկրաինայի նախագահը նշել է Ռուսաստանի՝ որպես Մինսկի համաձայնությունների կողմերից մեկի, պաշտոնական արձագանքի անհրաժեշտությունը շփման խմբի աշխատանքի վիժեցմանը:

 

Երեք երկրների ղեկավարները նաեւ պայմանավորվել են շարունակել Դոնբասի իրադրության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա քայլերի համաձայնեցումը:

 

Ըստ «Ինտերֆաքս»-ի հաղորդման՝ ավելի վաղ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչները Մինսկում շփման խմբի հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարել են, որ Մինսկի բանակցությունների շարունակման գլխավոր պայմանը ուկրաինացի ուժայինների կողմից ծանր սպառազինության կիրառմամբ Դոնբասի խաղաղ քաղաքների գնդակոծումների դադարեցումն է:

 

«Եվ քանի որ մենք այլեւս խոսքերին չենք հավատում, կրակի դադարեցումը պետք է հաստատվի ուկրաինական բանակին եւ ազգային գվարդիային նախագահ Պորոշենկոյի՝ կրակը դադարեցնելու պաշտոնական հրամանով»,- ասված է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի լիազոր ներկայացուցիչների հայտարարության մեջ: