Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի հարավ-արեւելքում իրադրության խաղաղ կարգավորմանն օժանդակելու հնարավոր միջոցառումները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Հեռախոսազրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկվել են Ուկրաինայի հարավ-արեւելքում իրադրության խաղաղ կարգավորմանն աջակցելու հնարավոր միջոցառումները»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
ՌԴ-ի եւ Ուկրաինայի նախագահները նաեւ պայմանավորվել են քննարկել Ռուսաստանից Ուկրաինային գազի մատակարարման հիմնախնդիրը:
«Հավաստվել է կարծիքների փոխանակումը շարունակելու պատրաստակամությունը «Ասիա-Եվրոպա» ֆորումի՝ հոկտեմբերի 16-17-ը Միլանում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում, ներառյալ գազի հարցի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ Ռուսաստանի նախագահը Միլանի գագաթնաժողովում կարող է հանդիպում անցկացնել Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հետ: