Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են քաղաքական, ֆինանսական եւ պաշտպանական ոլորտներում Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների գործակցության հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ուկրաինական պետության ղեկ ավարի մամուլի ծառայությունը:

 

«Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին 2 մլրդ դոլարի վարկային երաշխիքներ տրամադրելու որոշման համար եւ համոզմունք հայտնել, որ այդ մակրոֆինանսական օգնությունը թույլ կտա Ուկրաինային կայունացնել մակրոտնտեսական իրադրությունը եւ վերացնել լարվածությունը ֆինանսական շուկաներում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, զրուցակիցները նաեւ քննարկել են ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հետագա տեխնիկական օգնության հնարավորությունները, Դոնբասի իրադրությունը եւ դրա խաղաղ կարգավորման ուղիները:

 

Պորոշենկոն եւ Բայդենը նաեւ պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել Մյունխենի՝ անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովում, որը տեղի է ունենալու փետրվարի 6-8-ը: