ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այն կարծիքին են, որ Դոնբասի աշխարհազորայինները պարտավոր են ապահովել ԵԱՀԿ-ի մուտքը տարածաշրջանի բոլոր վայրեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:

 

Բայդենը և Պորոշենկոն նոյեմբերի 5-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասի հակամարտության կարգավորման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական իրադրությունը:

 

«Ղեկավարները քննարկել են Մինսկի համաձայնությունների կատարումը և համաձայնել, որ Ռուսաստանը և անջատականները պարտավոր են անհապաղ կատարել Փարիզում «նորմանդական քառյակի» ղեկավարների հոկտեմբերի 2-ի հանդիպմանը նախագահ Պուտինի տված խոստումը, որպեսզի ԵԱՀԿ-ին լիակատար մուտք տրամադրվի Դոնբասի ամբողջ տարածք»,- ասված է Սպիտակ տան տեղեկատվության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: