Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը համակարգել են Դոնբասում հրադադարի վերաբերյալ գործողությունները: Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է Դավոսում, որտեղ այժմ անցկացվում է Համաշխարհային տնտեսական ֆորումը, լույս հունվարի 21-ի գիշերը՝ ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո:

 

«Մենք պայմանավորվել ենք համաձայնեցված գործողությունների շուրջ, որոնք պետք է ապահովեն հրադադարի ռեժիմը, ինչպես նաև դեպի սահման և ծանր զենքի պահպանման կետեր ԵԱՀԿ ներկայացուցիչների անարգել մուտքը»,- Պորոշենկոյի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:

 

Ինչպես ընդգծել է ուկրաինացի առաջնորդը, Մինսկի համաձայնագրերին այլընտրանք գոյություն չունի:

 

«Մենք եկել ենք բացարձակապես միևնույն եզրակացության, որ Մինսկի գործընթացն այլընտրանք չունի: Մենք ունենք ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը՝ մինսկյան գործընթացի իրականացման վերաբերյալ, որը ներառում է անվտանգության բաղադրիչը»,- ասել է նա: