Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցելԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, որի ընթացքում քննարկել է խաղաղ ծրագրի իրագործման գործընթացը: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը, հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

 

Բայդենը Ուկրաինայի իշխանությունների գործողությունները գնահատել է՝ «ճիշտ եւ պրոֆեսիոնալ»:

 

Պորոշենկոն իր կողմից հայտարարել է, որ զինյալների կողմից կրակի դադարեցումը պետք է ուղեկցվի պատանդների ազատմամբ եւ ռուս-ուկրաինական սահմանի փակմամբ: Նախագահն ընդգծել է, որ այժմ Ռուսաստանը պետք է ընդառաջող իրական քայլեր կատարի:

 

Պորոշենկոն նշել է, որ եթե խաղաղ ծրագիրը չկատարվի, ապա ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը պետք է վճռական ջանքեր գործադրեն Ուկրաինային աջակցելու համար, մասնավորապես, Եվրախորհրդի հունիսի 27-ի որոշմամբ: Պետության ղեկավարի կարծիքով՝ այդ հարցում անդրատլանտյան համերաշխությունը շատ կարեւոր է:

 

Բայդենը Պորոշենկոյին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հունիսի 23-ին կայացած հեռախոսազրույցի մասին, որը գրեթե ամբողջովին նվիրված էր Ուկրաինայի հարցին: