Հանրապետության Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնուքյան հետ կապերի բաժնից, ողջունելով պատվիրակության անդամներին և շնորհավորելով Դմիտրի Մարիյասինին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ծրագրի կողմից սահմանամերձ գյուղական համայնքների համաչափ զարգացման, ենթակառուցվածքների հզորացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման, ներառական և արդյունավետ տեղական ինքնակառավարման կայացմանն ուղղված ջանքերը։ «ՀՀ Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական, շրջակա միջավայրի պաշտպանության, գյուղատնտեսական պարկերի հիմնման, ջերմատների կառուցման, այգիների բարելավման և ենթակառուցվածքների վերանորոգման մեծածավալ ծրագրերն իրենց ռազմավարական նշանակությամբ նպաստում են մեր սահմանային դարպաս հանդիսացող մարզի դիմակայունության ամրապնդմանը»,- ասել է Սուրեն Պապիկյանը։
Իր հերթին Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ընդգծել, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, հանդիսանալով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ ամենաբազմազան համագործակցության պորտֆել ունեցող գերատեսչությունը, մշտապես առանձնացել է ծրագրերի իրականացման գործում իր օպերատիվ ներգրավվածությամբ։ Դմիտրի Մարիյասինը հատուկ կարևորել է ՀՀ կառավարության կողմից մեկնարկած տնտեսական վերափոխումների գործընթացը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով Զարգացման ծրագրի շրջանակներում շարունակել աջակցության ցուցաբերումը համայնքային կարողությունների ու ենթակառուցվածքների բարելավման գործում։
Նախարար Սուրեն Պապիկյանը ևս կարևորել է ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված երկկողմ համագործակցության ընդլայնումն ու նոր ծրագրերի իրականացումը։ Նախարարն անդրադարձել է նաև վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում իրականացվող համայնքների խոշորացման գործընթացի հեռանկարներին և նկատել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է համայնքների ինքնաբավության բարձրացման, ֆինանսական ռեսուրսների կենտրոնացման, դրանց օպտիմալ կառավարման նպատակով կամավորության սկզբունքով շարունակել խոշորացման գործընթացը։
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, արձանագրված ձեռքբերումներն ու ապագա համագործակցության հեռանկարները և երկուստեք արձանագրել հնարավոր բոլոր բաղադրիչներով ու ձևաչափերով ընթացիկ ծրագրերը խորացնելու և գործընկերության նոր ուղղություններ նախանշելու անհրաժեշտությունը։