Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկար գոյություն ունի։
«Խաղաղության հեռանկարը գոյություն ունի»,- ասել է Մակրոնը՝ կիրակի օրը Հռոմում ելույթ ունենալով «Հայտարարություն աշխարհին» միջազգային ֆորումում։ Միաժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ խաղաղությունը հնարավոր կլինի, «երբ Ուկրաինան գա նման որոշման», գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես ամեն ինչ արեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսություն վարելու համար, բայց այն հարցին, թե ինչպես հայտնվեցինք ստեղծված իրավիճակում, ես չունեմ պատասխան, ինչպես նաև բացատրություններ և հիմնավորումներ այն ամենի համար, ինչ տեղի է ունենում։ Մոսկվան համոզված է՝ ողջ աշխարհը ձգտում է ոչնչացնել Ռուսաստանը»,- ասել է Մակրոնը։
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան իր հերթին նշել է, որ «աշխարհը չի կարող անտեսել ինքնապաշտպանության իրավունքը և հարձակման ենթարկված ժողովրդին օգնելու պարտավորությունը»։