ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի ու Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործին, և վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները հնարավորինս կաջակցեն հայ-ֆրանսիական համագործակցությանն ուղղված նրա բոլոր նախաձեռնություններին:

 

ԱԺ նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի ծանրակշիռ դերը միջազգային ասպարեզում, մասնավորապես, նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Գալուստ Սահակյանը նշել է, որ երկու երկրների միջև սերտ համագործակցություն է հաստատված նաև միջխորհրդարանական մակարդակով, որի զարգացման գործում կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների բարեկամական խմբերը: Գալուստ Սահակյանը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման և խորացման գործում բարձր է գնա հատել նախորդ դեսպանների կատարած ներդրումը և նորանշանակ դեսպանին մաղթել հաջողություններ և բեղմնավոր աշխատանք:

 

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր խոսքում նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն ունեն դարերի պատմություն և այսօր էլ գտնվում են բարձր մակարդակի վրա: Դեսպանը փաստել է, որ քաղաքական երկխոսությունը երկու երկրների նախագահների, խորհրդարանների նախագահների, ինչպես նաև բարեկամական խմբերի մակարդակով մեծապես նպաստում է բարեկամ երկրների հարաբերությունների սերտացմանը և համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով Հայաստանում աշխատող ֆրանսիական ձեռնարկություններին՝ դեսպանը նկատել է, որ իր պաշտոնավարության ընթացքում կաշխատի նպաստել առևտրա տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թեև բժշկության, քաղաքացիական պաշտպանության, կրթության և այլ ոլորտներում համագործակցությունը կայացել է:

 

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Ժան-Ֆրասուա Շարպանտիեն նշել է, որ շփման գծում ծագած վերջին միջադեպերը չեն կարող նպաստել հակամարտության բանակցային ճանապարհով լուծմանը: Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը հավատարիմ է իր ստանձնած հանձնառությանը՝ ԼՂ հիմնահարցը լուծել խաղաղ ճանապարհով:

 

Ժան-Ֆրասուա Շարպանտիեն հավաստիացրել է Գալուստ Սահակյանին, որ պատրաստ է լծվել իրեն վստահված աշխատանքին՝ իրականացնելու երկու բարեկամ երկրների հարաբերություններն ու համագործակցությունը ավելի սերտացնելու առաքելությունը: