Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը ամերիկյան Eurasianet պարբերականում ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Մամեդովի հետ համատեղ հրապարակած հոդվածում անդրադարձել է Վաշինգտոնի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ջերմացումից Ադրբեջանի կառավարության անթաքույց անհանգստություններին:

 

Հոդվածում հեղինակները մի քանի խորհուրդներ են տվել Ադրբեջանի կառավարությանը' Արեւմուտքի համար Բաքվի ռազմավարական կարեւորությունը պահպանելու տեսակետից: «Իլհամ Ալիեւի կառավարությունը ստիպված կլինի նոր ուղիներ որոնել Ադրբեջանի ռազմավարական կարեւորությունը Արեւմուտքի շահերի տեսակետից պահպանելու համար: Նրան այլ բան չի մնում, քան սկսել ժողովրդավարական բարեփոխումներ, փոխել մարդու իրավունքների ոլորտում իրավիճակը եւ պարտավորություն ստանձն ել' ղարաբաղյան խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով», - նշել են նրանք:

 

Հոդվածում ասվում է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ջերմացումից հետո Վաշինգտոնը կարող է փոխել իր արտաքին քաղաքական նախապատվությունները Հարավային Կովկասում, որտեղ, ըստ ԱՄՆ-ի ռազմական դոկտրինի, Ադրբեջանը առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում' որպես Իրանին դիմակայության հենահարթակ: Բայց այժմ իրավիճակը փոխվել է, եւ ԱՄՆ-ն, ինչպես նաեւ Գերմանիան վերականգնում են իրենց գործնական եւ գործընկերային հարաբերությունները Իրանի հետ: Այդ պատճառով, Վաշինգտոնն այլեւս մտադիր չէ հանդուրժել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը:

 

«Ալիեւի վարչակազմը չի կարող կանխել նոր գլոբալ թրենդը: Ի տարբերություն Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանը ոչ մի լծակ չունի ամերիկա-իրանական գործընկերությունը կանխելու համար: Իլհամ Ալիեւին մնում է հույսը դնել միայն Իսրայելի վրա, որը փորձում է խափանել երկու երկրների մերձեցման գործընթացը: Չնայած Իսրայելի ջանքերին, Օբամա եւ Քերի դուետը լի է վճռականությամբ' հասնել Իրանի հետ համապարփակ միջուկային համաձայնության»,- ընգծել են նրանք: