Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Կի Մունն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի ռեժիմի խախտումների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է ԵԽԽՎ-ում հարցուպատասխանի ընթացքում:
«Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գրեթե ամեն օր կողմերը մարդկային կորուստներ են ունենում»,- նշել է Պան Կի Մունը' ընդգծելով, որ մտահոգվելու առիթ է նաև երկու կողմից ատելություն սերմանող հայտարարություններ հնչելու փաստը:
«Լարվածությունը երկու երկրների միջև ավելանում է: Ես կոչ եմ անում կողմերին խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ցանկացած ռազմական դիմակայություն կործանարար կլինի երկու կողմի և, առհասարակ, տարածաշրջանի համար, ինչը ծանր հետևանքների կհանգեցնի: Խնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հիմնական գաղափարը կողմերի միջև երկխոսություն իրականացնելն է և տևական հաշտության համար ջանքեր գործադրելը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: