ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է մամուլի համար Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:
Պորոշենկոն եւ Բայդենը զրույցի ընթացքում ուշադրություն են դարձրել «հրադադարի ռեժիմի խախտումների վրա, որոնք հաստատվել են ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության կողմից»: «Փոխնախագահը վճռականորեն դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումը Դեբալցեւոյի շրջանում»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Սպիտակ տան հայտարարության մեջ նաեւ հաղորդվում է, որ «եթե Ռուսաստանը շարունակի խախտել Մինսկի պայմանավորվածությունները, ավելի բարձր գին կվճարի դրա համար»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Պորոշենկոն կոչ է արել ԱՄՆ-ին՝ «իրագործել Ուկրաինայի պաշտպանունակությունն ամրապնդելու համար նրան լրացուցիչ միջոցներ տրամադրելու վերաբերյալ նախորդ հայտարարությունները»:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Բայդենը նախագահ Պորոշենկոյին հավաստիացրել է Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության հարցում եւ նրա հետ պայմանավորվել Է Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի միջեւ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի շրջանակներում մշտական կոորդինացման շուրջ: