Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասի իրադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությանը, զրուցակիցները նշել են ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացման եւ առաքելության տեխնիկական հանդերձման անհրաժեշտությունը շփման գծում դիտորդական կետերի ծավալումն արագացնելու համաÖ €:

 

«Ուկրաինայի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը քննարկել են Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցների կիրառումը եւ դրանց շարունակումը մինչեւ Մինսկի պայմանավորվածությունների լիակատար կատարումը, մասնավորապես, ռուս-ուկրաինական սահմանի նկատմամբ հսկողության վերականգնումը»,- նշել են մամուլի ծառայությունում:

 

Կողմերը նաեւ քննարկել են Ուկրաինայի նախագահի՝ Գերմանիա այցի մանրամասները, որը կայանալու է մարտին:

 

Մարտի 5-ին Պորոշենկոն եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը Կիեւում կայացած բանակցությունների ընթացքում ընդգծել են Մինսկի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

 

«Շատ վտանգավոր կլինի, եթե եվրոպացի գործընկերները վարդագույն ակնոց դնեն՝ համարելով, որ ամեն ինչ լավ է»,- նշել է Պորոշենկոն, հավելելով, որ իրադրության ապաթսկալացման համար անհրաժեշտ է միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Ուկրաինա:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Պորոշենկոն եւ Համոնդը համաձայնել են, որ Ուկրաինայում պետք է ուժեղացվի ԵԱՀԿ-ի առաքելության աշխատանքը: Նրանք նաեւ քննարկել են համագործակցությունը տնտեսական եւ պաշտպանական ոլորտում: Ուկրաինայի նախագահը նշել է, որ ակնկալում է Մեծ Բրիտանիայի հետագա աջակցությունը: