ՌԴ-ի Պետդուման իր դիտորդներին չի ուղարկի Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում անցկացվելիք հանրաքվեներին: Այդ մասին հայտնել է «Միասնական Ռուսաստան»-ից խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Սերգեյ Նեւերովը:

 

«Պատգամավորներ չենք ուղարկի: Դա (հանրաքվեն) տարածաշրջանների ներքին գործն Է»,-մայիսի 7-ին «Ինտերֆաքս»-ին ասել է Նեւերովը:

 

Իր հերթին ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի դումայական կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին նույնպես հայտարարել Է, որ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի հանրաքվեներին Ռուսաստանի խորհրդարանականների ներկա լինելու անհրաժեշտություն չի տեսնում:

 

Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, Պետդումայում ուշադիր հետեւում են այդ տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձություններին: «Կապի մեջ կլինենք Դոնբասի մեր հայրենակիցների եւ քաղաքացիական հասարակության հետ»,- ասել է Սլուցկին:

 

Այն բանից հետո, երբ Ուկրաինայից փախավ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, հանրապետության արեւելքի մի քանի քաղաքներում իշխանության են եկել ֆեդերալացման կողմնակիցները: Նրանց մի մասը ձգտում Է հասնել Ուկրաինայի կազմից Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի դուրս գալուն: Մայիսի 11-ին երկրի այդ տարածաշրջաններում պլանավորվում Է հանրաքվեներ անցկացնել դրանց կարգավիճակի շուրջ: