ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը հաղորդել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի արեւելքում շարունակվող մարտական գործողությունների հետեւանքով զոհվել են առնվազն 263 խաղաղ բնակիչներ, վիրավորվել՝ եւս շուրջ 700-ը: Վարչության հաշվետվության մեջ նշվում է, որ հակամարտության սկզբից ի վեր Դոնբասում զոհվածներÕ « թվաքանակը մոտենում է 5,5 հազարին, վիրավորներինը՝ 13 հազարին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Դրանում նաեւ նշվում է հարկադիր վերաբնակների թվի աճի մասին. Կիեւի իշխանությունները պաշտոնապես գրանցել են 978 հազար մարդ:

 

ՄԱԿ-ի վարչությունում Դոնբասի հումանիտար իրադրության վատացում են արձանագրել մարտական գործողությունների ծավալման հետեւանքով: «Ուկրաինայի արեւելքում ռազմաճակատի գծի երկայնքով շարունակվում են խտաբնակ շրջանների համատարած ինտենսիվ գնդակոծումները: Զինված դիմակայության սաստկանալու հետեւանքով շարունակում են գնդակոծել ավտոբուսների կանգառները, հանրային տրանսպորտը, շուկաները, դպրոցներն ու մանկապարտեզները, հիվանդանոցներն ու բնակելի շրջանները՝ բացահայտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքը»,- նշվում է զեկույցում:

 

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ը կոչ է արել շտապ կարգով հումանիտար զինադադար հայտարարել Ուկրաինայի արեւելքում: «Շտապ կարգով անհրաժեշտ է հաստատել հումանիտար հրադադար, որը թույլ կտա շրջափակված քաղաքացիական անձանց հեռանալ վտանգավոր շրջաններից, իսկ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներին՝ օգնություն ցուցաբերել բնակչությանը»,- ասված է հաշվետվության մեջ:

 

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունում նշել են, որ ներկայում «լրացուցիչ խմբեր են ուղարկվում» օգնության փոխադրման շրջաններ՝ գնահատելու իրադրությունը: