ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը Մինսկի ձեւաչափով շուտափույթ հանդիպման հույս է հայտնել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՀԿ-ի հաղորդագրությանը:

 

«Ես կոչ եմ անում հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին՝ դադարեցնել մարտական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Միջազգային հանրակցությունն ակնկալում է, որ Մինսկի փաստաթղթերն ստորագրած կողմերը կհարգեն իրենց պարտավորությունները եւ հակամարտության խաղաղ լուծման ճանապարհ կհարթեն»,- հաղորդագրության մեջ մերջբերված է Դաչիչի խոսքը:

 

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ-ի նախագահն ակնկալում է Մինսկի փաստաթղթերն ստորագրած կողմերի շուտափույթ հանդիպում: Խոսքը վերաբերում է եռակողմ շփման խմբի անդամներին՝ Կիեւում ՌԴ-ի դեսպան Միխայիլ Զուրաբովին, Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչմային, ԵԱՀԿ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինիին եւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներին:

 

Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցն ավելի վաղ Բրյուսելում հայտարարել է, որ Մինսկի ձեւաչափով հանդիպումը սպասվում է հունվարի 30-ին: Ընդսմին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եռակողմ շփման խմբի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը կոչ է արել նրանց՝ կոնսուլտացիաներ անցկացնել ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ղեկավարների հետ:

 

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ԼԺՀ-ի ղեկավար Իգոր Պլոտնինսկին ասել է, որ Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարները պատրաստ են Դոնբասի իրադրության կարգավորման շուրջ շփման խմբի բանակցություններին, եթե դրան մասնակցի Ուկրաինայի պաշտոնական ներկայացուցիչը: