ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար եւ փոխվարչապետ Իվիցա Դաչիչը Ուկրաինայի իրադրությունը քննարկել է կազմակերպության այն ներկայացուցիչների հետ, որոնք անմիջականորեն մասնակցում են Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի խնդրով եռակողմ շփման խմբում ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին, Ուկրաինայում մոնիթորինգային առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականը եւ Ռոստովի մարզում ԵԱՀԿ-ի առաքելության ղեկավար Պոլ Պիկարը: Հանդիպման բոլոր մասնակիցներն ընդգծել են հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը, ինչը կախված է Մինսկում ձեռք բերված համաձայնությունների փաթեթի իրագործումից:

 

«Սա կրիտիկական պահ է Ուկրաինայի համար… Ես դարձյալ կոչ եմ անում՝ անհապաղ դադարեցնել բոլոր այն գործողությունները, որոնք վտանգ են ներկայացնում խաղաղության հնարավորության համար, ինչն ստեղծվել է Մինսկի բանակցությունների շնորհիվ»,- հայտարարել է ԵԱՀԿ-ի նախագահը:

 

Ինչպես հաղորդվում է ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության հաշվետվության մեջ, որը փետրվարի 20-ին հրապարակվել է կազմակերպության կայքում Ուկրաինայի արեւելքում հրադադարը պահպանվում է ամենուրեք, բացառությամբ Դեբալցեւոյի եւ մի քանի այլ կետերի:

 

Առաջիկա ժամերին եւ օրերին ԵԱՀԿ-ի դիտորդները պետք է մտնեն հակամարտության գոտու «հանգուցային կետեր»: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը: