ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը կոչ է արել Ուկրաինայի հակամարտության կողմերին՝ ամբողջությամբ կատարել հրադադարի վերաբերյալ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ներկա պահին կարեւոր է, որ բոլոր ռազմական գործողություններն անհապաղ դադարեցվեն, եւ ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելությունը լիակատար մուտք ունենա երկրի բոլոր շրջաններ, այդ թվում եւ Դեբալցեւո»,- ասված է փետրվարի 18-ին կազմակերպության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

 

«Դեբալցեւոյի շրջան մուտք տրամադրելուց հրաժարվելու վերաբերյալ Հատուկ մոնիթորինգային առաքելության զեկույցները տագնապ են ներշնչում,- նշել է Դաչիչը:- Ես հատկապես կոչ եմ անում ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի ներկայացուցիչներին՝ անհապաղ առաքելությանը մուտք տրամադրել մատնանշված շրջան»:

 

Իր հերթին, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Սպիտակ տունը պնդում է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինայի հարավ-արեւելքում գործող աշխարհազորայինները ներկա փուլում չեն կատարում ավելի վաղ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Պարզ է, որ Ռուսաստանի կողմից աջակցվող աշխարհազորայինները եւ հենց Ռուսաստանն ինքը չեն կատարում այդ պարտավորությունները»,- ասել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Էռնեստը: Հետեւաբար, նրա խոսքով, «նրանք ստիպված կլինեն ավելի բարձր գին վճարել»:

 

Էռնեստի հավաստիացմամբ՝ Վաշինգտոնը «շարունակում է մնալ այն կարծիքին, որ Ուկրաինայի իրադրության կարգավորման կարելի է հասնել բանակցությունների սեղանի շուրջ»: «Ուստի մենք պատրաստվում ենք շարունակել աջակցությունը ընթացող բանակցություններին»,- հայտարարել է Էռնեստը: