ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ։

 

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-սերբական հարաբերությունների ընդլայնման, ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունների իրականացման, ԵԱՀԿ օրակարգի հարցերի։

 

Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ հարաբերությունները կայուն կերպով զարգանում են։ Այդ առումով անդրադարձ արվեց Երևանում և Բելգրադում դեսպանությունների բացման, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման, ուղիղ չվերթների հաստատման առնչվող հարցերի։

 

Հանդիպմանը քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն հայտնեց հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորեց հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը։

Նախարար Նալբանդյանը նշեց, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների բազմաթիվ կոչերին և հորդորներին՝ Բաքուն չի հրաժարվում իր ապակառուցողական կեցվածքից և սադրանքներից։