Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Իվիցա Դաչիչի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից , նախարար Նալբանդյանը շնորհավորել է սերբ գործընկերոջը՝ հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահ դառնալու կապակցությամբ, և Հայաստանի աջակցությունը հայտնել ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունների իրականացման գործում։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ օրակարգային հարցերին, ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության խնդիրներին։
Նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ, և կարևորել 1994թ. մայիսին ձեռք բերված համաձայնագրով հրադադարի ռեժիմի լիարժեք ապահովումը։
Նախարար Նալբանդյանը նշել է, որ, չնայած եռանախագահող երկրների ղեկավարների բազմաթիվ կոչերին, Բաքուն շարունակում է իր առավելապաշտական գիծը՝ արգելակելով բանակցային գործընթացը։
Անդրադարձ է կատարվել հայ-սերբական դինամիկ զարգացող հարաբերություններին և դրանց առավել ընդլայնմանն ուղղված քայլերին։
Էդվարդ Նալբանդյանը Իվիցա Դաչիչին հրավիրել է այցելել Հայաստան։