ԵԱՀԿ-ն Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտության կողմերին մեղադրել է ծանր սպառազինության հետքաշման վերաբերյալ համաձայնությունները չկատարելու մեջ, տեղեկացնում ՝ «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության փոխղեկավար Ալեքսանդր Հուգը հայտնել է, որ կազմակերպության դիտորդները զենքի հետքաշման կետերում ռազմական տեխնիկայի բացակայություն են արձանագրել ինչպես ուկրաինական զորքերի պահեստներում, այնպես էլ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների աշխարհազորայինների կողմից վերահսկվող տարածքում:

 

Վերջին շաբաթվա ընթացքում հաղորդումներ են ստացվում Դոնբասում լարվածության աճի մասին: Այդ կապակցությամբ ՆԱՏՕ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում զգուշացնում է, որ անընդունելի է համարում Ուկրաինայի արեւելքում ինքնահռչակ հանրապետությունների զինյալների կողմից նոր տարածքների գրավումը:

 

«Ռուսաստանն առանձնահատուկ պատասխանատվություն է կրում այդ տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար: Ռուսաստանի աջակցությամբ անջատողականների կողմից ուկրաինական նոր տարածքներ գրավելու բոլոր փորձերն անընդունելի կլինեն համաշխարհային հանրակցության համար»,- ասված է դաշինքի հայտարարության մեջ:

 

Ուկրաինայի արեւելքում մարտական գործողությունների ակտիվացումն անհանգստացրել է նաեւ ՄԱԿ-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին՝ շտապ քայլեր ձեռնարկել ներկա իրադրության ապաէսկալացման եւ բռնությունները կանխելու համար: