Կիևի իշխանությունները չեն կատարում Ուկրաինայի վերաբերյալ ժնևյան համաձայնությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ նրանք ոչինչ չեն անում, «մատը մատին չեն խփում», որպեսզի վերացնեն խորը ճգնաժամի պատճառները: Ուկրաինայի վերաբերյալ Ժնևի համաձայնություններում ժամկետներ հիշատակված չեն, բայց միջոցներ պետք է ձեռնարկվեն շտապ, հիշեցրել է նա:

 

Նախարարը նաև նշել է, որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ Կիևի իշխանությունները չեն կարողանում կամ էլ չեն ցանկանում վերահսկել ծայրահեղականներին: Զատկի գիշերն անզեն մարդկանց գնդակոծումն անցնում է բոլոր սահմանները, հայտարարել է Լավրովը:

 

ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարն ընդգծել է, որ Կիևի իշխանությունների այն հայտարարությունը, թե «մայդանը» կարելի է պահպանել, անընդունելի է:

 

Լավրովի խոսքով՝ հայտարարությունները, թե հակամարտությունների շրջանում վիթխարի քանակությամբ ռուսական զենք կա, ծիծաղելի փաստարկ է, այնտեղ այլ զենք չի էլ եղել, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: