ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը: Հանդիպումը կայացել է Վիեննայում, ուր Պան Գի Մունը ժամանել էր մասնակցելու ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի մամուլի ծառայությանը:
Երկու կազմակերպությունների վարչական ղեկավարները հանգամանորեն քննարկել են երկկողմ գործընկերության ամրապնդման հարցերը: «Ինչ վերաբերում է Ուկրաինային, նրանք կարծիքներ են փոխանակել ստեղծված իրադրության շուրջ, եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին ճգնաժամի հուսալի լուծում գտնելու ջանքերին մասնակցելու համար»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: ՄԱԿ-ի մամուլի ծառայությունում չեն բացահայտել բանակցությունների մասնրամասները:
Նախօրյակին Պան Գի Մունը, ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում, ընդունել է, որ Ուկրաինայի իրադրությունը «խորը մտահոգության առարկա» է մնում: Նա հատկապես կանգ է առել նոյեմբերի 2-ին Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում անցկացված ընտրությունների վրա՝ դրանք որակելով «իրադարձությունների անհաջող եւ անարդյունավետ զարգացում»: «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ շտապ վերադառնալ Մինսկի արձանագրության եւ հուշագրի համապարփակ կատարմանը»,- հավելել է գլխավոր քարտուղարը:
Պան Գի Մունը աջակցություն Է հայտնել Ուկրաինայի իրադրության կարգավորման նպատակով ԵԱՀԿ-ի գործադրած ջանքերին: «Մենք համատեղ պատասխանատվություն ունենք լարվածության թուլացման համար», եւ մենք աշխատում են ձեռ-ձեռքի տված»,- ասել Է նա:
Պան Գի Մունի խոսքով՝ միջնորդության հարցերով զբաղվող ՄԱԿ-ի խորհրդատուներն օգնում են Ուկրաինայում գործող ԵԱՀԿ-ի Հատուկ դիտորդական պատվիրակությանը, կազմակերպությունը նաեւ ունի ընտրությունների օժանդակման, ազգային երկխոսության, իրավունքի գերակայության աջակցման եւ տնտեսական ու առեւտրական քաղաքականության բնագավառի մասնագետներ: «Եկեք միավորենք մեր ջանքերն առաջիկա ամիսներին»,- հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: