Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Փեյչինովիչ-Բուրիչը կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող ռազմական գործողությունները: Այս մասին ասված է Եվրոպայի Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:
«Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրություններով։ Ես կոչ եմ անում մեր անդամ պետություններին՝ Հայաստանին և Ադրբեջանին, ցուցաբերել պատասխանատվություն և զսպվածություն՝ անհապաղ դադարեցնելով ռազմական գործողությունները։ Անդամակցելով Եվրոպայի Խորհրդին, երկու երկրներն էլ պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ միջոցներով, և այդ պարտավորությունը պետք է խստորեն պահպանվի»,- նշել է Փեյչինովիչ-Բուրիչը:
ԵԽ Գլխավոր քարտուղարը նշել է, որ այս դժվարին ժամանակներում իր մտքերն ուղղված են քաղաքացիական անձանց, այդ թվում ՝ երեխաներին, կանանց և տարեց մարդկանց:
«Եվրոպայի Խորհրդի անունից ես կոչ եմ անում մեր երկու անդամ պետությունների իշխանություններին անել հնարավորը՝ մարդկային կյանքեր պաշտպանելու և ռազմական հակամարտության մեջ չներքաշվելու համար։ Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը հակամարտության էսկալացիան դադարեցնելու համար»,- ասել է նա:
Մարիա Փեյչինովիչ-Բուրիչը ԵԽ աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին' հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու գործում։