Սոթքի հանքը շահագործող «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով աշխատակիցների գործադուլին, որոնք այսօր առավոտյան փակել էին հանք տանող ճանապարհը եւ պահանջում էին վճարել իրենց աշխատավարձը:
Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․
«Ընկերության ղեկավարությունը հանդիպում է անցկացրել գործադուլավորների հետ և առաջարկել է գործադուլը դադարեցնել, վերադառնալ աշխատանքի և ընկերության տնտեսական և վարչական հնարավորությունների շրջանակում քննարկել նրանց բողոքն ու պահանջը: Սակայն աշխատակիցները չհամաձայնվելով փոխզիջմանը, ղեկավարությանը վերջնագիր ներկայացրեցին' ֆիքսել աշխատավարձերը (Net) 500,000 դրամի չափով անկախ աշխատանքի ծավալներից։
Հարկ է նշել, որ ընկերության կանոնակարգի համաձայն կիրառվում է մասնակի բոնուսային համակարգ։ Վարորդը, ֆիքսված աշխատավարձից բացի, բոնուսը ստանում է ըստ իրականացված փոխադրումների ծավալի՝ (տոննա / կիլոմետր) հարաբերակցությամբ: Այս կապակցությամբ ընկերությունն անհրաժեշտ է համարում տրամադրել իր բացատրությունները.
1. Գործատուի կողմից չորս ամիս աշխատավարձերը չվճարելու վերաբերյալ աշխատողների բողոքները հիմնավորված չեն: Ընկերությունն աշխատողների աշխատավարձերի վճարման պարտք չունի:
2. Յուրաքանչյուր աշխատող ֆիքսված աշխատավարձին գումարած ստանում է գործարքային-բոնուսային աշխատավարձ՝ փաստացի իրականացված ծավալներին համապատասխան։
Ընկերության ղեկավարությունը կոչ է անում դադարեցնել չարտոնված գործադուլը և կառուցողական երկխոսության շրջանակներում քննարկել իրավիճակի կարգավորման ուղիները:
Հետագա պարապուրդի դեպքում, արտադրության կաթվածի պատճառով ընկերությունը ստիպված կլինի դադարեցնել արտադրական գործունեությունը Սոթքում և Արարատի ֆաբրիկայում և ամբողջ աշխատակազմին ուղարկել չվճարվող պարապուրդի:
Սոթքի հանքի վարորդների գործողությունները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին և էական վնաս են հասցնում ընկերության արտադրական գործընթացին, ստրատեգիական գործընկեր-փոխադրող «Հարավ-կովկասյան երկաթուղուն», որը Սոթքից հանքաքարը տեղափոխում է Արարատ, աշխատողներին, տեղի համայնքներին և ՀՀ պետական բյուջեին:
Ընկերության ղեկավարությունը նախազգուշացնում է, որ ապօրինի գործադուլի նախաձեռնողները պատասխանատվության կենթարկվեն ՀՀ աշխատանքային օրենսդրության, աշխատանքային պայմանագրերի, և այլ նորմատիվ ակտերի շրջանակում»: