Իռլանդիան լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ, որը սկսվել է դեկտեմբերի 12-ին և լրջագույն հետևանքներ ունի տեղի բնակչության համար։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ասաց ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչը։
«Առանց այս կենսական միջանցքով մարդկանց, պարենի, ապրանքների ու դեղորայքի ազատ տեղաշարժման՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այս ձմեռ անկասկած կառերեսվի մարդասիրական աղետի։ Որպես Անվտանգության խորհուրդ՝ մենք պետք է անենք հնարավոր ամեն բան՝ խուսափելու սրանից և կանխելու հերթական մարդածին աղետը, որը զարգանում է մեր աչքի առաջ։
Հետևաբար, Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»,- նշեց Իռլանդիայի ներկայացուցիչը։
Նա հիշեցրեց, որ որպես քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի անդամներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավոր են ապահովել խաղաղ հավաքների իրավունքը և հարգել դրա իրականացումը՝ միաժամանակ երաշխավորելով, որ այն չի խաթարում հանրային անվտանգությունը, առողջությունն ու այլոց իրավունքներն ու ազատությունները։
«Հիմա է ժամանակը զսպվածության և դեէսկալացիայի, ժամանակն է սահմանափակելու հռետորաբանությունը և զերծ մնալու սպառնալիքներից ու սադրանքներից։ Ժամանակն է շարունակելու հաշեցտման կարևոր ջանքերը՝ կանխելով մարդկային կյանքի հետագա անտեղի կորուստները։
Մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի երկխոսության և խորհրդատվությունների միջոցով։ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քայլերը՝ հաղթահարելու տարբերություններն ու հասնելու տևական ու կայուն խաղաղության տարածաշրջանում։
Իռլանդիան սատարում է խնդիրների բանակցված, համապարփակ և կայուն հանգուցալուծմանը՝ այդ թվում և Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ կարգավիճակին։ Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին՝ առաջ մղելու այս հարցը։ Մենք սատարում ենք նաև Եվրամիության շարունակվող ակտիվ ներգրավմանը՝ աջակցելու կողմերին մնացած հարցերը խաղաղ կարգավորելու կարևոր գործում՝ այդ թվում և Բրյուսելի երկխոսության գործընթացի միջոցով»,- հայտարարեց ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ԵՄ մյուս անդամների հետ իրենց նպատակն է Հարավային Կովկասում հասնել կայուն խաղաղության հաստատման։