Մենք նախկինի պես խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի փակ մնալով, մասնավորապես այն բանով, որ այն փակ է կոմերցիոն, հումանիտար եւ մասնավոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
«Հումանիտար փոխադրումների դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակը եւ խափանում խաղաղ գործընթացի հանդեպ վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Ուստի մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել կոմերցիոն, հումանիտար եւ մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցումը այդ միջանցքով։ Մենք նաեւ գիտենք, որ չորեքշաբթի տեղի է ունենալում ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, եւ մենք սպասում ենք, որ տեղի կունենա նաեւ հետագա քննարկում»,- ընդգծել է Պատելը։
Պատասխանելով Լաչինի միջանցքի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման մասին հարցին ՄԱԿ Անվտանգության խորհրդում, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ չի պատրաստվում առաջ անցնել նիստի ընթացքից։
«Բայց մենք մշտապես ընդգծում ենք եւ կրկնում, որ ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է այս վաղեմի հակամարտության կարգավորման համար, եւ մենք կարծում ենք, որ ցանկացած շփում, որն ի վերջո խաղաղություն եւ կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին, առաջանցիկ լավ գործ եւ դրական քայլ կլինի»,- նշել է Պատելը։