ԵԱՀԿ-ի գործող ղեկավար, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերը Դոնեցկում Կարմիր խաչի աշխատակցի զոհվելուց հետո կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին եւ աշխարհազորայիններին պահպանել հրադադարի ռեժիմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է նրա հայտարարության մեջ, որը զետեղված է կազմակերպության կայքում:
Հրադադարի վերաբերյալ համաձայնությունը, ինչպես նշել է Բուրկհալտերը, հակամարտության ապաէսկալացման հասնելու իրական հնարավորություն է, եւ այդ հնարավորությունը սպառնալիքի տակ դնելը «անպատասխանատու է»: ԵԱՀԿ-ի նախագահը պահանջել է «անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները եւ խստիվ պահպանել հրադադարի ռեժիմը»:
Դրա հետ մեկտեղ Բուրկհալտերը վրդովմունք է հայտնել Դոնեցկի գնդակոծումների հետեւանքով տասնյակ բնակիչների եւ Կարմիր խաչի աշխատակցի զոհվելու կապակցությամբ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հումանիտար իրավունքի խախտում է համարել այն հրետակոծումը, որի հետեւանքով զոհվել է կազմակերպության աշխատակիցը, նշելով, որ զոհվածը Շվեյցարիայի քաղաքացի Լորան Դյուպասկեն է, որը Կարմիր խաչում աշխատել է ավելի քան հինգ տարի, իսկ Ուկրաինա էր եկել մոտ մեկուկես ամիս առաջ: