ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայում զինադադարից հետո աճում է զոհերի թիվը, և պահանջել է վերականգնել հրադադարը: «Ցավոք, այս տարվա հունիսի 30-ին հրադադարի ռեժիմից պաշտոնական Կիևի հրաժարվելուց հետո անցած արդեն առաջին ժամերին աճել է զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում: Ուկրաինայի իշխանություններից պահանջում ենք հրաժարվել իրենց պետության խաղաղ քաղաքների ու գյուղերի հրետակոծումներից, վերադառնալ իրական, այլ ոչ թե կարծեցյալ հրադադարին և պահպանել մարդկանց կյանքը»,-ասված է ՌԴ ԱԳ նախարարության
մեկնաբանության մեջ: Հուլիսի լույս 1-ի գիշերը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է հունիսի 20-ին իր կողմից հայտարարված զինադադարի ռեժիմի կասեցման մասին: Այսօր առավոտյան ուկրաինացի զինվորականները վերսկսել են մարտական գործողությունները Ուկրաինայի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում գործող զինված կազմավորմների դեմ: «Մենք հարձակվելու ենք և ազատելու ենք մեր հողը: Հրադադարի ռեժիմը չերկարաձգելը մեր պատասխանն է ահաբեկիչներին, զինյալներին, կողոպտիչներին, բոլոր նրանց, ովքեր ծաղրուծանակի են ենթարկում խաղաղ բնակչությանը, ովքեր կազմալուծում են տարածաշրջանի տնտեսությունը»,- նշել է Պորոշենկոն ժողովրդին հղած ուղերձում:

 

«Մեր խաղաղ ծրագիրը, որպես ռազմավարություն Ուկրաինայի և Դոնբասի համար, ուժի մեջ է մնում: Խոսքը վերաբերում է և զինաթափմանը, և իշխանության ապակենտրոնացմանը, և ռուսաց լեզվի ազատ գործածությանը, և կորսված բնակարանները պետության հաշվին վերականգնելուն, և ԵՄ-ի հետ համատեղ նոր աշխատատեղերի ստեղծման ծրագրին: Մենք նույնիսկ ցանկացած պահի պատրաստ ենք վերադառնալ հրադադարի ռեժիմին, երբ տեսնենք, որ բոլոր կողմերը կատարում են խաղաղ ծրագրի հիմնական կետերը»,- հայտարարել է Պորոշենկոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: