Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Ուկրաինայի իշխանություններից պահանջել է դադարեցնել մարտական գործողությունները մալայզիական Boeing-ի կործանման վայրի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը հաղորդել է France-Presse գործակալությունը:

 

Ավելի վաղ Նիդեռլանդների անվտանգության և արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ հոլանդացի ու ավստրալացի փորձագետներն արդեն երրորդ օրն է, որ չեն կարողանում Դոնեցկից հասնել մալայզիական Boeing-ի կործմանման վայր: Գերատեսչության տվյալների համաձայն՝ ավիաաղետի շրջանում, Դոնեցկից 70 կիլոմետր դեպի արևելք, «կատաղի մարտեր են ընթանում»:

 

«Մալայզիական ավիաուղիներ» ընկերության Boeing 777 ինքնաթիռը, որը չվերթ է իրականացնում Ամստերդամ-Քուալա Լումպուր երթուղով, հուլիսի 17-ին աղետի է ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում՝ աշխարհազորայինների և երկրի բանակի միջև ընթացող մարտական գործողությունների շրջանում: Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են:

 

Նրանց մեծ մեծամասնությունը՝ 194 ուղևորներ, Նիդեռլանդների հպատակներ էին: Հետաքննությունը դիտարկում է տեղի ունեցածի տարբեր վարկածներ, հիմնականներից մեկն այն է, որ ինքնաթիռը խփվել է «երկիր-օդ» դասի հրթիռով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: