ԵԱՀԿ-ի դիտորդները գնդակոծման են ենթարկվել Ուկրաինայի արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է հատուկ հաշվետվության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում: Առաքելության ներկայացուցիչները նշում են, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Գնդակոծումը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին, երբ դիտորդները երեք ավտոմեքենաներով ուկրաինացի զինվորականների ուղեկցությամբ հսկիչ անցակետերից մեկից դեպի մյուսն էին գնում Կիրովո եւ Շումի քաղաքների միջեւ:
Գնդակոծումից անմիջապես հետո դիտորդները լքել են պատահարի վայրը:
ԱՄՆ-ը դատապարտել է ԵԱՀԿ-ի դիտորդների վրա կատարված հարձակումը եւ գտնում է, որ նրանք գնդակոծվել են Դոնբասում գործող աշխարհազորայինների կողմից: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակիի գրավոր հայտարարության մեջ:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սպառնալիք ստեղծել Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելության անվտանգության համար»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Նա հերթական անգամ Ռուսաստանին եւ աշխարհազորայիններին առաջարկել է «ԵԱՀԿ-ի դիտորդներին հնարավորություն ընձեռել կատարելու մանդատին համապատասխան իրենց վրա դրված խնդիրները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: