Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն (ՀԱՊԿ) աջակցություն կցուցաբերի, որպեսզի Ուկրաինայի արևելքում ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելությանը մասնակցեն ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ ամփոփելով կազմակերպության Մշտական խորհրդի՝ Եվրասիայի անվտանգության ապահովման հարցերին նվիրված ընդլայնված նիստի արդյունքները:

 

 

Նիստի ընթացքում ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ՀԱՊԿ-ի անդամ պետություններին առաջարկել է մասնակցել կազմակերպության մոնիթորինգային առաքելությանն Ուկրաինայի արևելքում, քանի որ տարածաշրջանում ընդլայնվում են ԵԱՀԿ-ի խնդիրները:

 

 

«Մենք կցանկանայինք հետագայում էլ ավանդ ներդնել կրակի դադարեցման համաձայնագրի պահպանման գործում, ինչը մոնիթորինգային առաքելության ավելի մեծ թվով աշխատակիցներ է պահանջում, ովքեր պետք է վերահսկեն շփման գիծը»,- պարզաբանել է Զանիերը:

 

 

Իր հերթին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպության բոլոր անդամները կարող են մասնակցել առաքելությանը: «Դա կբարձրացնի գնահատումների օբյեկտիվությունը: Մենք ողջունում ենք այս առաջարկությունը և աջակցություն կցուցաբերենք, որպեսզի նման մարդիկ մեր պետություններում հավաքագրվեն»,- ասել է Բորդյուժան: