«Լեռնային Ղարաբաղը ներառված չէ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, սակայն, դաշինքի առաքելության տեղակայումը Հայաստանում էական ներդրում կունենա հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակի կայունացման գործում»,- այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում կովկասագետ Կարեն Իգիթյանը, անդրադառնալով թեմային, նշեց, որ ՀԱՊԿ-ի առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին կարող է իր լուման ունենալ կայունացման պրոցեսի մեջ։
«Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և երբ ՀԱՊԿ-ում ասում են՝ մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում, ապա նշեմ, որ եթե դեպքի կատարման պահին ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները տեղում լինեն և զեկուցեն՝ դա Հայաստանի անվտանգությունը կարող է ավելի շատ ապահովել»,-ասաց Իգիթյանը և հավելեց, որ ինչ վերաբերում է արցախյան հարցին, ապա ՀԱՊԿ-ի ներկայությունը հենց Հայաստանում ինչ-որ չափով կարող է օգնել, որովհետև, եթե Հայաստանի սահմանները ավելի անվտանգ լինեն ՀԱՊԿ-ի առաքելության շնորհիվ, ապա Հայաստանի կառավարությունը, եթե ցաննություն ունենա՝ կարող է ավելի շատ կենտրոնանալ Արցախի հարցի շուրջ։
Իգիթյանի խոսքով' մի կողմից Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը ասում է, որ ռուսական զորքերը, որոնք մեր տարածքում են, ավելի շատ սպառնալիք են մեզ համար․
«Դե յուրե լինելով ՀԱՊԿ անդամ երկիր՝ Հայաստանը այս պահին ռազմավարական շրջադարձ է կատարում և փաստացիորեն նվազեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, և դա տանում է նրան, որ Հայաստանը չլինի դաշինքի անդամ։
Այս իրավիճակում, իհարկե, Արցախը չի կարող ՀԱՊԿ-ին ինչ-որ բան առաջարկել, որովհետև Արցախը չճանաչված պետություն էր մինչև 2020թ․-ի պատերազմը, իսկ այժմ, իր դե ֆակտո կարգավիճակը ավելի է նվազել, որովհետև այն ժամանակ Արցախի հետևում կանգնած էր Հայաստանը և պաշտպանության բանակը շատ ավելի ուժեղ էր, հիմա արդեն, հաշվի առնելով, որ Հայաստանը մի քանի անգամ մերժել է ՀԱՊԿ-ի առաջարկները, կարծում եմ՝ բարձր հավանականություն կա, որ այս անգամ էլ կմերժի»,-ասաց նա։