Նոյեմբերի 17-ից 19-ին Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի նախաձեռնությամբ, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները հյուրընկալել էին ուկրաինահայ մի խումբ գործարարների և համայնքների նախագահների, որոնց թվում էր նաև Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Հայերի միության նախագահը։
Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը, Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը: Քննարկվել են ՀՀ-ում ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև հայ-ուկրաինական հարաբերությունները։
Իր խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ քննարկման արդյունքում գործարարների ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում ավելի գործնական կդառնա և նշել, որ Հայաստանում տնտեսական գործունեության որևէ արգելք և սահմանափակում չկա, որևէ մեկին արգելված չէ որևէ բան արտահանել կամ ներմուծել, և իհարկե, արգելքները կամ սահմանափակումները վերաբերվում են միայն նրան, ինչ վերաբերվում է բոլորին:
Վարչապետը և հանդիպմանը մասնակից կառավարության մյուս անդամները պատասխանել են գործարարներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին և այլն:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ուկրաինահայ գործարարների հետ հանդիպանը կարևորել է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների այցերը հայրենիք՝ Հայաստանի և Սփյուռքի միջև սերտ զարգացման և առևտրա-տնտեսական տեսանկյուններից։ Իր խոսքում Հանրապետության նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ ուկրաինահայ գործարարների այցելությունն առանձնահատուկ գնահատելի է՝ նկատի ունենալով նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Զապորոժիեի մարզի Հայերի միության նախագահ Արտաշես Սարգսյանը բարձր գնահատեց ՀՀ կառավարության կողմից արժանացած ընդունելությունը՝ նշելով, որ նման մակարդակի հյուրընկալում նախկինում դեռևս չի եղել։
«Որպես Զապորոժիեի մարզի Հայերի միության նախագահ՝ հանդիպմանը, բնականաբար, ինձ հետաքրքիր էր նաև հայ-ուկրաինական հարաբերություններին առնչվող հարցերը, մասնավորապես, այս շրջանում, երբ Ուկրաինան գտնվում է ծանր դրության մեջ, հատկապես, որ այնտեղ 400․000 հայեր են ապրում։ Ես հարց ուղղեցի, թե հայերին աջակցություն ցուցաբերելու հետ կապված ինչ գործընթացներ են տեղի ունենում, և ի ուրախություն ինձ՝ դրական մեսիջ ստացանք և′ վարչապետից, և′ նախագահից, և′ կառավարության անդամների կողմից․ բոլորը մտահոգ են Ուկրաինայում տիրող իրավիճակով և այս հարցում միակարծիք՝ Ուկրաինային օգնություն պիտի տրամադրեն տարբեր ձևաչափերով»,-ասաց Արտաշես Սարգսյանը և հավելեց, որ բարձր է գնահատում նաև Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի ջանքերը։
«Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրան այս հանդիպումը կազմակերպելու համար, այն կարող է լավ օրինակ ծառայել, որպեսզի մյուս երկրների դեսպաններն էլ այսպիսի նախաձեռնություններով հանդես գան, այն, կարծում եմ, ոգեշնչող կարող է լինել։ Նշեմ նաև, որ Վլադիմիր Կարապետյանը անձամբ եկել է Զապորոժիեի հայկական եկեղեցի, հանդիպել հոգևորականների հետ, նրա այցը նաև դրական ազդակ էր տեղի հայ համանքին, որովհետև նրանք տեսան, որ իրենք միայնակ չեն, աջակցություն կա։ Հատուկ նշեմ նաև, որ մեր եկեղեցու տեր հայրը «Վերխովնա Ռադայի» կողմից հատուկ մեդալի է արժանացել այն բանի համար, որ մեր եկեղեցին նաև հումանիտար գործունեություն է իրականացնում։ Զապորոժիեի հայերին մեծ աջակցություն է տրամադրում նաև իմ տեղակալը՝ Ռուդոլֆ Հակոբյանը, որը կամավորության սկզբունքով գործունեություն է իրականացնում:
Նշեմ ՝ կարևոր քայլ էր նաև այն, որ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը կազմակերպեց Ուկրաինայում հավատարմագրված դեսպանների և դեսպանությունների ներկայացուցիչների այցը Նիկոլաև և Խերսոն քաղաքներ: ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Հայկ Թորոսյանը ևս մասնակցեց այցին»,-ասաց նա։
Արտաշես Սարգսյանն ասաց, որ իրենք մշտապես լինելու են Ուկրաինայի կողքին և աջակցելու են ՌԴ կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով տուժած և′ ուկրաինացիներին, և′ հայերին։
«Ուկրաինայում ապրող հայերիս համար այս երկիրը մեր երկրորդ հայրենիքն է, մենք այն սիրում ենք և չենք կարող չաջակցել, այս երկիրը մեզ բազմաթիվ հնարավորություններ է տվել, մենք կապված ենք Ուկրաինայի հետ, իմ երեխաներն այստեղ են ծնվել և մեծացել, իմ հայրն այստեղ է թաղված, կարող եմ ասել նաև, որ մենք պարտք ենք այս երկրին և մեր ուժերի ներածին չափով անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի Ուկրաինան կրկին ոտքի կանգնի և վերստին ծաղկի»,-ասաց Զապորոժիեի մարզի Հայերի միության նախագահը։
Կարդացեք նաև՝ Մեծ Եղեռնին ընդառաջ' Զապարոժիեի հայերի միությունը ծառատունկ է իրականացրել։