Օգոստոսի 8-ին պատերազմական առաջնագծում հայտված Զապորոժիե քաղաքում հյուրընկալվեցին Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը: Հյուրերը վայելեցին Զապորոժիեյի տեսարժան վայրերը՝ եղան Խորտիցա կղզում գտնվող «Զապորոժսկայա սիչ» թանգարանում, ծանոթացան պատմությանը, տեսան հայտնի «Դնեպրոգեսը»։

Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ մարզպետի առաջին տեղակալ Վիտալի Սիվոլապի և փոխքաղաքապետ Անատոլի Վասյուկի հետ։ Հանդիպուների ընթացքում վերջիններս բարձր գնահատական տվեցին հայ համայնքի ամենօրյա աշխատանքին։ Այցելության հիմնական նպատակը՝ տեղի հայ համայնքի հետ հանդիպումն էր, ռազմական գործողությունների պատճառով առաջնագծում գտնվող հայրենակիցներին եկեղեցու, դեսպանության և համայնքի կողմից աջակցությունն ու քաջալերումը: Զապորոժիեի Սուրբ Աստվածածին եկեղեցում համատեղ աղոթքից հետո, որին մասնակցում էին Ուկրաինական Ուղղափառ եկեղեցուց Ֆոտտի եպիսկոպոսը, Հռոմեակաթոլիկ եկեղեցուց Յան եպսկոպոսը և Հունակաթոլիկ եկեղեցուց Ստեփան եպիսկոպոսը, համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի ունեցավ եկեղեցու տարածքում՝ բնության գրկում։

 
 
 

Ջերմ և անմիջական զրույցի ընթացքում հյուրերն անդրադարձան հայ-ուկրաինական հարաբերություններին, Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, խոսեցին եկեղեցու, դեսպանատան և Ուկրաինայի հայերի միության գործունեության մասին: Ծանոթացան նաև Զապարոժեիում ՀՀ քաղաքացիների խնդիրներին։ Վստահեցրեցին, որ եկեղեցին, դեսպանությունը և համայնքը շարունակելու են համակողմանի աջակցել բոլոր քաղաքացիներին, որոնք ունեն աջակցության կարիք: Համայնքի ջանքերին պատվիրակության անդամները ականատես եղան Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։ Այդ պահին հաց և տոպրակներով առաջին անհրաժեշտության սնունդ և հիգիենայի պարագաներ ստացան 400-ից ավելի քաղաքացիներ։

Եկեղեցու բակում պատերազմի սկսման առաջին իսկ օրվանից կազմակերպվել է և մինչև օրս շարունակվում է մարդասիրական օգնության բաժանումը հազարավոր մարդկանց, որոնք ռազմական գործողությունների պատճառով ընկել են ծանր կացության մեջ։

Այս ամիսների ընթացքում Զապորոժիեի հոգևոր հովիվ Տ․ Հուսիկ քհն․ Նուրիջանյանի գլխավորությամբ, համայնքի նախագահ Արտաշես Սարգսյանի հովանավորությամբ, Հայ Առաքելական արտասահմանյան թեմերի, բարեգործական կազմակերպությունների և անհատ բարեգործների և կամավորների աջակցությամբ ամենօրյա անդադար ռեժիմով բազմակողմանի օգնություն է ցուցաբերվել և շարունակվում է ցուցաբերվել խոցելի բոլոր խավերին՝ փախստականների, կարիքավոր ու բազմազավակ ընտանիքների, հիվանդանոցների և այլն։

Открыть фото