Երևանի Օղակաձև զբոսայգում՝ Տարաս Շևչենկոյի արձանի դիմաց, այսօր՝ փետրվարի 27-ին, տեղի ունեցավ հավաք՝ ի պաշտպանություն Ուկրաինայի հայ համայնքի։ Նրանք հավաքվել էին ռուսական ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջով։ Նրանց ձեռքին ծածանվում էին ՀՀ և Ուկրաինայի դրոշները, կային նաև պաստառներ, որոնց վրա գրված էր՝ «Ստոպ պատերազմ»։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում մասնակիցներից մեկը՝ Զապորոժիեի հայ համայնքի նախագահ Արտաշես Սարգսյանն ասաց, որ Ուկրաինայի բնակիչները՝ ոչ միայն հայերը, նկուղներում են և չգիտեն՝ ինչ անել։ Նա նշեց, որ փորձում են ամեն ինչ անել ռուս-ուկրաինական պատերազմը վայրկյան առաջ դադարեցնելու․ «Այս հավաքը իրականացնում ենք նաև նրա համար, որ իմանան՝ հայերը դեմ են այս պատերազմին, քանի որ ադրբեջանցիները տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակում՝ մեկնաբանելով, թե հայերը կռվում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ պետք չէ նաև մոռանալ՝ այս կերպ իրենք ոգեշնչում են Ուկրաինայի հայերին՝ ցույց տալով, որ նրանք մենակ չեն։
Արտաշես Սարգսյանն ասաց, որ թեև ինքը Հայաստանում է, սակայն, շարունակում է անհանգիստ մնալ, քանի որ իր մայրն ու երեխաները Ուկրաինայում են և չգիտի՝ անել։
ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց նաև Ուկրաինայի հայ համայնքի երիտասարդների նախկին նախագահ Անի Ախոյանի հետ, որը ապրել և մեծացել է Լվով քաղաքում, սակայն, դեկտեմբեր ամսից տեղափոխվել է Հայաստան՝ որոշում ընդունելով ապրել իր հող ու ջրում։ Նա նշեց, որ ընտանիքը, բոլոր հարազատներն ու ընկերները մնացել են այնտեղ և հիմա նրանց վիճակը սարսափելի է․ «Ուկրաինացիների մեծ մասը հիմա տեղափոխվել է Լեհաստանին մոտ, որտեղ ավելի քիչ է վտանգավոր, բայց Խարկովում, Օդեսայում, Դնեպրում սարսափելի իրավիճակ է․ անցնում են ռուսական տանկեր, ռուս զինվորականներն են բռնում մարդկանց։ Բնակելի շենքեր չկան, անգամ, մանկապարտեզներն ու մանկատներն են հարվածի տակ ընկնում, ի վերջո, մարդիկ են զոհվում։ Ընկերներս հիմա գտնվում են նկուղներում, ես կապ չունեմ նրաց հետ ու չգիտեմ՝ ողջ են, թե մեռած»,- նշեց Անին՝ հավելելով, որ նշանակություն չունի, թե որ երկրում է պատերազմը՝ նման ռազմական գործողություններ 21-րդ դարում, պարզապես, չպետք է լինեն։
Զվարթ Պետրոսյան