Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ եւ լուսանկարներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ եւ լուսանկարներ:
Այդ տեսանյութերում Ադրբեջանի զինվորականները մարդկանց ենթարկում են առավելագույն նվաստացման, իսկ հետո բացառիկ ցինիզմով դաժանաբար սպանում: Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների պահվածքն ու խոսքը լցված են ատելությամբ:
Այս տեսանյութերը տարածվել են այսօր ադրբեջանական աղբյուրներով՝ նաեւ թիրախավորելով երեխաների ու տարեցների:
Այնուհետեւ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հերքում այն մասին, թե իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ: Դրանից հետո, համացանցի ադրբեջանական աղբյուրներից սկսել են հեռացնել տեսանյութերը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն, բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետները ճշգրիտ տեղորոշել են նաեւ ադրբեջանական հանցավոր արարքների կատարման վայրն ու ժամը: Կատարվել է օգտագործվող խոսքի թարգմանություն, որն ամրագրվել է տեսանյութերում:
Տեսանյութերն ու լուսանկարները արդեն ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում՝ որպես պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական ապացույցներ:
Տեսանյութերը եւ լուսանկարները անհրաժեշտ նկարագրությամբ վաղն առավոտյան կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության»,- գրել է նա։