Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է իր ամանորյա ավանդական բարեգործական ակցիաները Հայաստանում: ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ արդեն մի շարք տոնական միջոցառումներ են կազմակերպվել Երևանում և Գյումրիում՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար:
Հունվարի 12-ին Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները, ՌՀՄ փոխնախագահ Ավետ Ադոնցի գլխավորությամբ, այցելեցին Սյունիքի մարզի Բռնակոթ համայնք՝ տոնական անակնկալ մատուցելով տեղի դպրոցականներին:
ՌՀՄ թիմին Բռնակոթի դպրոցականները դիմավորել են ավանդական աղ ու հացով, ներկայացրել իրենց հաջողություններն ու ձեռբերումները: Բռնակոթի դպրոցականները, ի պատիվ ՌՀՄ ներկայացուցիչների կազմակերպել էին գեղեցիկ ցերեկույթ միջոցառում՝ համեմված ասմունքով, երգ- երաժշտությամբ ու ջերմ ժպիտներով:
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Ավետ Ադոնցը Բռնակոթի դպրոցականներին փոխանցեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի ողջույնի խոսքերն ու ամանորյա մաղթանքները, իսկ 1-ից 4-րդ դասարանցիները նաև տոնական ծանրոց-նվերներ ստացան Ռուսաստանի հայերի միության կողմից:
Բռնակոթի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայարփի Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին և փոխնախագահ Ավետ Ադոնցին այցելության և նվերների համար:
Պարոն Ադոնցը հավաստիացրեց, որ դպրոցի հետ կապը լինելու է շարունակական և բովանդակալից: