Ռուսաստանի հայերի միությունը շատ լրջորեն զբաղվում է ՀՀ քաղաքացի, ավտովարորդ Հրաչյա Հարությունյանի հարցով: Նրան ցուցաբերվում է իրավական օգնություն և ոչ միայն: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցում են Ռուսաստանի հայերի միությունից:
Նշենք, որ երեկվանից տարբեր լրատվամիջոցների, այդ թվում ԳԱԼԱ-ին չի հաջողվում զրուցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ: Հեռախոսազանգերին Ռուսաստանի հայերի միությունից պատասխանում են, որ Արա Աբրահամյանը ավտովարորդ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հարցերով զբաղված է:
Այսօր մեր հեռախոսազանգերին պատասխանեց Ռուսաստանի հայերի միության վարչության անդամներից մեկը, ով ներկայացավ, որ իր անունը Համլետ է: Նա ասաց, որ միության նախագահը լրջորեն զբաղվում է հայ ավտովարորդի հարցով, որ խնդիրներ չառաջանան նրա համար:
«Այդ հարցով զբաղվում է, շատ լրջորեն զբաղվում ենք, ոչ միայն իրավական օգնության, այլ նաև մյուս հարցերով, բոլոր իրավաբաններին՝ մեր հայերի միությունում գտնվող, հրահանգված է ՀՀ քաղաքացու հարցը պահել ուշադրության կենտրոնում: Եվ առհասարակ ամեն բան արվել է, որ չհոլովվի հայերի անունը»:
Ռուսաստանի հայերի միությունը նաև ցավակցություն է հայտնել Ռուսաստանում խոշոր ավտովթարի արդյունքում 18 մարդու մահվան համար, իսկ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին զոհվածների և վիրավորների ընտանիքներին:
Հայերի միության անդամը՝ Համլետը, մի հետաքրքիր հայտարարություն էլ արեց՝ կապված այն արտասովոր հանդերձանքի՝ կանացի ծաղկավոր խալաթի հետ, որով Հրաչյա Հարությունյանին հիվանդանոցից դատարան էին տեղափոխել: Նա ասաց, որ Հրաչյան ինքը չի ցանկացել փոխվել:
«Ուղղակի հիվանդանոցից նրան այդ խալաթով են տարել, որովհետև ինքը չի ուզել փոխվի, այո, թե չէ ինչո՞ւ պիտի իրեն այդպես տանեին»,- ասաց նա:
Քրիստինա Մկրտչյան