Փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջի օրվա նախօրյակին, բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվում է երեկոյան պատարագ և կատարվում նորապսակների օրհնության կարգ:
Տեառնընդառաջի ավանդական ծես էր կազմակերպված նաև Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում:
Քաղաքի սուրբ Աստվածածին եկեղեցում հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հուսիկ Նուրիջանյանը պատարագ մատուցեց և բոլոր ներկաներին շնորհավորեց տոնի առթիվ: Պատարագից հետո եկեղեցու բակում վառվեց ավանդական խարույկը, իսկ տոնական տրամադրությունն այնուհետ շարունակվեց Նարեկ դպրոցում, որտեղ տեղի երիտասարդությունը կազմակերպել էր հետաքրքիր խաղեր և մրցույթներ:
Ի դեպ, Զապորոժիեի հայ համայնքում ազգային տոները միշտ էլ մեծ մասշտաբայնությամբ են նշվում: Համայնքի ղեկավար Արտաշ Սարգսյանի ջանքերով, հայերը Զապորոժիեում չեն կտրվում հայկական ավանդույթներից, հակառակը՝ պահպանում և փոխանցում են սերունդներին: