Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այդ մասին հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
«Ուկրաինայի արեւելքում հակամարտությունը կարգավորելու համար Անգելա Մերկելի եւ աշխարհի մյուս ղեկավարների անձնական մասնակցությունն ու օգնությունը խիստ կարեւոր է»,- հայտարարել է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահը ԳՖՀ-ի կանցլերին տեղեկացրել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում զինյալների կողմից հրադադարը խախտվել է ավելի քան քսան անգամ:
Իր հերթին Մերկելը հավաստել է աջակցությունը Պորոշենկոյի խաղաղ ծրագրին եւ պատրաստակամություն է հայտնել առավելագույնս նպաստել բոլոր շահագրգիռ կողմերի երկխոսությանը:
Ինչպես հունիսի 23-ին հաղորդել է Սպիտակ տունը, Պորոշենկոն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում նույնպես նշել է, որ Ուկրաինայի արեւելքում աշխարհազորայինները շարունակում են ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանու կիրառմամբ:
Պորոշենկոն նշել է, որ աշխարհազորայինները «հրադադարի հայտարարումից հետո շարունակել են գրոհել ուկրաինական ուժերի վրա, այդ թվում՝ հրետանու կիրառմամբ»:
Իր կողմից Բայդենը աջակցություն է հայտնել Պորոշենկոյի խաղաղ ծրագրին եւ խոստացել է աշխատել G7-ի գծով գործընկերների հետ, որպեսզի նոր տնտեսական պատժամիջոցներ պատրաստվեն Ռուսաստանի դեմ:
Մինչ այդ «Ռոսիյսկայա գազետա» թերթը հրապարակել է Ուկրաինայի արեւելքի իրադրության խաղաղ կարգավորման վերաբերյալ Պորոշենկոյի ծրագրի մանրամասները: Այն ներառում է 14 կետ, որոնց թվում են բանակցությունների բոլոր մասնակիցների համար անվտանգության երաշխիքները, քրեական պատասխանատվությունից այն անձանց ազատումը, ովքեր վայր են դրել զենքը եւ չեն կատարել ծանր հանցագործություններ, պատանդների ազատումը, ռուս-ուկրաինական պետական սահմանում 10-կիլոմետրանոց բուֆերային գոտու ստեղծումը, անօրինական զինված կազմավորումների դուրսբերումը, ռուս եւ ուկրաինացի վարձկանների դուրս գալու համար երաշխավորված միջանցքի ստեղծումը, զինաթափումը, Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերում բռնազավթված վարչական շենքերի ազատումը, իշխանության տեղական մարմինների գործունեության վերսկսումը, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում կենտրոնական հեռուստառադիոհաղորդումների վերսկսումը, իշխանության ապակենտրոնացումը գործադիր կոմիտեների ընտրման ճանապարհով, ռուսաց լեզվի պաշտպանությունը, վաղաժամկետ տեղական եւ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծման ծրագիրը:
Հունիսի 20-ին Պորոշենկոն հրաման է տվել մեկ շաբաթով հրադադար հաստատելու մասին, մինչդեռ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարությունը հայտարարել է, որ չի ընդունում զինադադարը: Համապատասխան հայտարարությունը, որը ստորագրել է ԴԺՀ-ի աշխարհազորի հրամանատար Իգոր Ստրելկովը, հունիսի 22-ին Ֆեյսբուքի իր էջում զետեղել է Դոնբասի «ժողովրդական նահանգապետ» Պավել Գուբարեւը: Դրանում նշվում է, որ ուկրաինացի զինվորականների կողմից միակողմանի կարգով հայտարարված հրադադարը համաձայնեցված չի եղել աշխարհազորայինների հետ: